Մաքրվել ու բարեկարգվել է Ամբերդ հուշարձանի տարածքը                                                  11.10.2017 / Ժ.18:47

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների (Երևանի, Արագածոտնի ու Շիրակի մարզային ծառայությունների) 70-ից ավելի աշխատակիցներ Ամբերդում էին: Նրանք մաքրման աշխատանքներ են իրականացրել ամրոց-բերդաքաղաքն ընդգրկող պատմաճարտարապետական հուշարձանների` ամրոցի պարիսպների, բաղնիքի, մատուռի, բնակելի շինությունների, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու հարակից տարածքներում: Հատուկ նյութերի միջոցով մաքրվել են նաև հուշարձանների քարերին արված «գրառումները»:

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետք է յուրաքանչյուրիս մտահոգի: Հուսով եմ, որ առաջիկայում մեզ կմիանան նաև հասարակական կազմակերպություններ, շարքային քաղաքացիներ: Նախատեսում ենք նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի և մի շարք այլ հուշարձանների տարածքներում», -նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 18-ի թիվ 541 որոշմամբ ստեղծվել են Արագածոտնի մարզի Անտառուտ և Օրգով համայնքներում գտնվող «Ամբերդ ամրոց» և Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող «Բերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները և որպես մասնաճյուղեր ընդգրկվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:


Մշակութային ժառանգության պահպանությունը և, մասնավորապես, Ամբերդի հեռանկարային զարգացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Վերջերս Ամբերդ էր այցելել Հանրապետության Նախագահը: Ամբերդ ամրոցի վերականգնման ծրագիրը կսկսվի 2018 թ., իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ, վեր են հանվում առկա խնդիրները, մշակվում լուծման մեխանիզմները:

Հուշարձանների պահպանության, հանրահռչակման միջոցառումներն, այդ թվում նաև սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների իրականացումը մշտական բնույթ են կրում:

Նախատեսվում է նմանօրինակ միջոցառում իրականացնել նաև արցախցի գործընկերների հետ`Արցախի Հանրապետության հուշարձանների տարածքներում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf