Կկայանա «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացումը     

04.07.2018 | 13։50


«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը և մեկնարկի միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 8-ին։ Բացման ծրագրի շրջանակում կանցկացվեն «Զանգեր» հուշարձանի, սրճարան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բացման,  «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողությունները,  հանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը կնշանավորվի Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորիս 2018. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հիմնի առաջին կատարմամբ:   Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» («DJ fest») փառատոները, «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառը՝ «Հին Գորիս» ալբոմի շնորհանդեսով և…  հաճելի անակնկալներով:  Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ:   «Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է` նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:   
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն, ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: 

Հայաստանի Հանրապետությունը դեռ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:


Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf