Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը տրված է

15.09.2017 / 08:50

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տրվեց հայազգի աշխարհահռչակ ծովանկարչի 200-ամյակին նվիրված՝ «Հովհաննես Այվազովսկի․ Արարում» ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը՝ ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարների, տեղացի ու արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ։
«Մենք բացում ենք մեր երազանքի ցուցադրությունը։ Ինչպես Հովհաննես Այվազովսկին էր ասում՝ դժվար է, գրեթե անհնար է պատճենել բնության տարերքը, բայց հնարավոր է այն վրձնել։ Եվ նրա հրաշալի վրձնահարվածները հնարավորություն ունենք վայելելու այս ցուցահանդեսի շնորհիվ։
Մեր մեծ ցանկությունն էր, որպեսզի այս ցուցադրության մեջ անպայման տեղ գտնի «Քաոս․ Աշխարհի արարում» հռչակավոր կտավը, և դա հնարավոր դարձավ շնորհիվ Վենետիկի Մխիթարյան միաբանության և Վատիկանում ՀՀ դեսպանության, մասնավորապես՝ դեսպան Միքայել Մինասյանի աջակցության, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նրանց։
Այս օրերին արվեստաբանները շատ կխոսեն գեղանկարիչ Այվազովսկու մասին, բայց ես ուզում եմ անդրադառնալ նրա այն գործունեությանը, որի մասին, թերևս, ավելի քիչ է բարձրաձայնվել։ Խոսքը մշակութային ամենատարբեր ձեռնարկներին իր անձնական միջոցներով նրա ակտիվ աջակցության մասին է։ Այվազովսկին կարողացավ ստեղծել Թեոդոսիայի Պատկերասրահը, Մշակույթի կենտրոնը․․․։ Նրա ամենամեծ երազանքներից էր՝ մեկ տանիքի տակ, մեկ միության մեջ համախմբել աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հայ նկարիչներին, որպեսզի միասնական ուժերով կարողանան առաջ մղել հայ կերպարվեստը։ Կարծում եմ, որ այս ցուցադրությունը կնպաստի Այվազովսկու գաղափարն իրականություն դարձնելուն, և մեր նկարիչները՝ ոգևորվելով այս ցուցադրությամբ, կմիավորվեն, դառնալով մեկ միասնականություն»։
Ցուցահանդեսի բացման առիթով ներկաներին ուղղված ողջույնի խոսքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ նաև 2016-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Այազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդեսին։
«Տրետյակովյան ցուցահանդեսը բացառիկ ռեկորդ սահմանեց՝ շուրջ չորս ամսվա ընթացքում ընդունելով 555 հազար այցելու։ Մենք կարծում ենք, որ այս ցուցադրությունը ևս, հայաստանյան չափորոշիչներով անշուշտ, նույնպես ռեկորդ կգրանցի և կունենա Այվազովսկու բացառիկ արվեստին հաղորդակցվող բազմաթիվ այցելուներ»։
Նախարարի մաղթանքն էր բոլորին՝ որպեսզի «Նոյն իջնում է Արարատից» կտավը մշտապես հիշեցնի մեր Սրբազան հայրենիքի, իսկ «Աշխարհի արարումը»՝ Աստծո գոյության մասին։


Հեղինակ՝  Ալիսա Գևորգյան 



Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf