Երբ երգիչը հասկանում է, որ ֆորմայի մեջ չէ, պետք է զիջի բեմը. Լիաննա Հարությունյան     

30.08.2018 | 13։05


Հունիսի 28-ին Երևանում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կայացավ աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը: Araratnews.am-ը երգչուհու հետ խոսել է համերգից, սպասվելիք նոր ծրագրերի, Հայաստանում ապրելու և այլ հարցերի շուրջ:

Հայաստանում Ձեր առաջին մենահամերգը տեղի ունեցավ: Ինչպիսի՞ն էին զգացողությունները, հայ հանդիսատեսը:

Հայ հանդիսատեսն ուղղակի հիանալի է, շատ տաք, շատ ջերմ ու շատ սրտով: Ինձ համար մեծ պատիվ էր, որ համերգին ներկա էին նաև մեր սիրելի վարչապետը և իր կինը: Չեք պատկերացնի իմ հուզմունքը. համերգի վերջին գործերն արդեն դժվարանում էի երգել, որովհետև այնքան մեծ էր հուզմունքս, հազիվ էի ինձ զսպում և վերահսկում, որպեսզի կարողանայի երգել և ձայնս չդողար:

Այս համերգը, այս հանդիպումն իմ հանդիսատեսի հետ ինձ համար շատ սպասված էին: Ես ուղղակի ցնցված եմ, լցված, հարստացած, և էմոցիաներս այնքան շատ են, խոսքեր չեմ գտնում, ես զգում էի հանդիսատեսի ջերմությունը, անկեղծությունը, տաքությունը: Համերգի ժամանակ, դժբախտաբար, օդորակիչները չէին աշխատում, և ամբողջ դահլիճում շատ շոգ էր, և պատկերացրեք` որքան դժվար էր մեզ` երաժիշտներիս համար, որովհետև այդ տաք օդը ձայնալարերը լրիվ չորացնում է և շատ դժվարացնում երգեցողությունը, բայց մթնոլորտն այնպիսին էր, որ այդ ամենն արդեն մնում էր հետևում, հաղթահարում էինք սիրով, որովհետև զգում էինք մարդկանց ջերմությունը:

Սպասո՞ւմ էիքոր հայրենիքում նման վերաբերմունք կլինի Ձեր նկատմամբ:

Սպասում էի, բայց ոչ այսքան, ես սպասվածից ավելին ստացա: Շատ շահագրգռված էի վերադառնալ Հայաստան, ելույթներ ունենալ և ոչ միայն օպերային արիաներով, այլև ամբողջական օպերայով: Ծրագրեր ունենք հետագայում Էդուարդ Թոփչյանի, Կոնստանտին Օրբելյանի հետ, և ես մեծ սիրով իրենց հետ ելույթներ կունենամ: Կարծում եմ` ավելի հաճախակի կգամ Հայաստան, կաշխատեմ, որովհետև արդեն 5 տարի է՝ իմ գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, և չեմ կարողացել գալ, բայց վերջին ժամանակները, հեղափոխությունը, այս ամբողջ փոփոխությունը և ցնծությունը, որ ապրեց մեր ժողովուրդը, ինձ ստիպեց հրաժարվել այս ընթացքում իմ ունեցած ներկայացումներից և հրավերներից: Ես ամեն ինչ արեցի, որ այս հանդիպումը տեղի ունենա, որովհետև ինձ համար շատ կարևոր էր, ես պետք է գայի և պետք է ելույթ ունենայի:

Այսքան տարի անց փոխվե՞լ է Հայաստանը Ձեզ համար: Որո՞նք էին այն փոփոխությունները, որ միանգամից աչքի զարնեցին:

Այո՛, իհարկե, հիմա մարդիկ շատ են փոխվել, ավելի հանգիստ են, ավելի ուրախ, և ես հասկանում եմ, որ կյանքը դեռ շարունակվում է իր դժվարություններով, հասկանում եմ, որ մարդկանց սոցիալական, տնտեսական  վիճակը շատ բարդ է, և ամեն ինչ չի կարող միանգամից փոխվել, և նաև տեսնում եմ, որ մարդիկ հասկանում են դա, ըմբռնումով են վերաբերվում:

Մենք դժվար օրեր շատ ենք ունեցել, իմ ամբողջ ուսանողական տարիները՝ մութ ու ցուրտ տարիներին, մոմի լույսի տակ, ու մենք անգամ հնարավորություն չունեինք կոնսերվատորիա հասնելու, քանի որ ես Մեծամորից էի գալիս ու ինձ համար շատ դժվար էր գալ-հասնել Երևան: Այդ ճանապարհը մեզ համար մի պատմություն էր՝ ո՞նց պետք է գնանք- հասնենք կոնսերվատորիա ու հետ դառնանք տուն: Եվ այդ ամեն ինչն ապրելով մենք չէինք տխրում, որովհետև հույս ունեինք, մենք մեզ մեծ էինք զգում, հավատով էինք:

Մենք նույնիսկ այդ տարիներին այնքան տաք էինք իրարով, որ կարողանում էինք մի վառարանի շուրջը հավաքվել բոլոր հարևաններով, ու երբ ինչ-որ մեկը մի բան էր պատրաստում, բոլորով էինք դրանից օգտվում: Այնպես որ, կարևորը մարդու հույսն է, իսկ երբ դա խլում են, դա արդեն կուլ տալ հնարավոր չէ, դա արդեն վերջն է: Ես այս վերջին իրադարձությունների ժամանակ տեսա, որ ժողովուրդը դրա համար ոտքի կանգնեց ու պայքարեց: Մենք ամբողջ գիշեր հետևել ենք` տխրելով, ուրախանալով, ամեն րոպե ուղիղ եթեր էինք նայում: Մենք բոլորս անբացատրելի մի բան ապրեցինք և հիմա պետք է համբերատար, պատրաստակամ լինենք և հավատանք այն մարդկանց, ովքեր ուզում են ճիշտ փոփոխություններ անել:

Քսան տարուց ավելի է՝ Հայաստանում չեք, ի՞նչն էր պատճառըոր գնացիք Հայաստանից, ֆինանսակա՞ն խնդիրները:

Իմ խնդիրները երբեք էլ ֆինանսական չեն եղել, դրանք եղել են անձնական, որոնց չեմ ուզում շատ մանրամասնորեն անդրադառնալ: Ես կարծում եմ, որ բոլոր երգիչներին հարկավոր է դուրս գալ և փորձել ուժերը, կրթվել, սովորել, շփվել այն մարդկանց հետ, որոնք Հայաստանում չեն, ունենալ մաստեր կլասներ, հնարավորություն լսելու, մասնակցելու միջազգային մրցույթների և հասկանալու, թե ո՛վ ենք մենք, ինչի՛ ենք հասել, ի՛նչ ունենք դեռ սովորելու, համեմատվենք, ռեպերտուարը ճիշտ ընտրենք, գտնենք մարդկանց, ովքեր կօգնեն մեզ, կհասկանան մեզ, մեր ձայնը, մեր ռեպերտուարը:

Օպերային երգեցողությունը չի կարող միայն Հայաստանում լինել, դա մշակույթ է, որը վերաբերում է ամբողջ աշխարհին, մենք պետք է շփվենք Իտալիայի հետ, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, պետք է լսենք` ինչ է կատարվում այդ թատրոններում, այդ դպրոցներում, կոնսերվատորիաներում, և դա էլ էր պատճառներից մեկը, որ գնացի:

Հե՞շտ էր ֆրանսիական իրականությանը, կյանքին ադապտացվելը,  ինչպե՞սհաղթահարեցիք սկզբնական դժվարությունները:

Հեշտ բան չկար: Շատ դժվար էր, որովհետև մենք տարբեր ենք, մեր մշակույթը, մտածողությունը, դաստիարակությունը տարբեր են, մենք էությամբ ուրիշ ենք, ավելի բաց ենք, անմիջական, արտահայտվող, միանգամից մեր կարծիքը հայտնող: Եվ ինձնից էլ ժամանակ պահանջվեց, որ հասկանամ` պետք է ժամանակ առ ժամանակ լռել, սպասել, պետք է չարտահայտվել միանգամից, և ժամանակը, սխալները, մարդուն հղկում են, սովորեցնում: Ոչ մի հեշտ բան չկար… Դրսում բոլոր երաժիշտների համար էլ դժվար է, թող չթվա, թե դրսում ամեն բան երկնքից է ընկնում, և բոլորը մեզ սպասում էին այնտեղ, որ մենք ուղղակի այնտեղ հայտնվեցինք: Բոլորովին էլ այդպես չէ, ոչ մեկը մեզ այնտեղ չէր սպասում և ոչ մեկը մեզ գրկաբաց ո՛չ աշխատանքի է ընդունում, ո՛չ էլ ապրելու տեղ է տալիս:

Ամեն ինչի դժվարությամբ ես հասնում, ու համբերություն է պետք, շատ մեծ համբերություն ու հույս, որ ամեն ինչ լավ կլինի, և ճիշտ մարդիկ են պետք մեր կողքին, որպեսզի մեզ հույս տան, ուժ տան: Ես շատ շնորհակալ եմ, որ ամուսինս ինձ միշտ թիկունք է եղել: Նա էլ է երգիչ, մենք միասին ենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները ու շարունակում ենք հաղթահարել, որովհետև առջևում էլ մեծ դժվարություններ կան… Մի բան է՝ մեծ թատրոններ հասնելը, երգելը և մեկ ուրիշ բան՝ այդ մակարդակը պահպանելը, որովհետև յուրաքանչյուր թատրոն, երբ դու վերադառնում ես, կապ չունի՝  դու այնտեղ արդեն երգել ես, քեզ ծափահարել են, շատ լավ ընդունել, եթե դու հետ ես գալիս նոր դերով, նորից ունես շատ պատասխանատու և պահանջկոտ վերաբերմունք: Ոչ մեկը աչք չի փակելու քո սխալների վրա ու նորից ծափահարի, եթե նորից արժանի չլինես դրան: Պետք է միշտ գալ բարձր մակարդակով պատրաստված և երգել այնպես, ինչին հանդիսատեսն արդեն սովոր է` բարձր պրոֆեսիոնալիզմով: Այդ բարձր մակարդակը պահպանելն ու միշտ այդ բարձունքին լինելը շատ դժվար աշխատանք է, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Կնոջ կյանքում հաջողության հասնելու համար ի՞նչ դերակատարում ունեն ընտանիքը, ընտանիքի աջակցությունը:

Ընտանիքի աջակցությունը շատ կարևոր է, որովհետև ընտանեկան մթնոլորտից են գալիս աշխատանքային հետագա տրամադրությունը, ձայնը,  կատարումը, դու չես կարող մարդկանց ուրախացնել, էմոցիա փոխանցել, անկեղծ լինել, եթե այդպիսին չես: Եթե դու ընտանիքում հանգստություն ունես, սեր կա, դա քեզ օգնում է բեմից փոխանցել այդ ամենը և լիարժեք անկեղծ լինել հանդիսատեսի հետ: Ինձ համար միանշանակ շատ կարևոր են ընտանեկան մթնոլորտը, մոտեցումը, կապը, սերը, վերաբերմունքը, տրամադրությունը և ամրությունը:

Կարողանո՞ւմ եք հասցնել և՛ լինել բեմում հիանալի երգչուհի, և՛ տանը` որպես տնային տնտեսուհի: Հնարավո՞ր է դա լիարժեք համատեղել:

Դժգոհություններ չկան: Հասցնում եմ` իհարկե ոչ այնպես, ինչպես կանեի, եթե երգչուհի չլինեի: Ուղղակի մենք հանգիստ ենք վերաբերվում, նման խիստ օրենքներ չունենք, որ ես տան կինն եմ, պետք է սա կամ նա անեմ, մենք շատ հանգիստ կիսում ենք մեր առօրյան, մեր կյանքը և գործերը:

Հնարավո՞ր է մի օր վերադառնաք հայրենիք` մշտական բնակության:

Իհարկե հնարավոր է, մտածել ենք և հիմա ամուսնուս հետ ծրագրեր ունենք տուն գնելու հետ կապված: Ես այստեղ հայրական տուն ունեմ, բայց մենք մեր անկյունն ենք ուզում ստեղծել: Ես մեծ հաճույքով կարող եմ լինել և՛ այստեղ, և՛ Ֆրանսիայում: Իրականում ես Ֆրանսիայում էլ շատ չեմ լինում, շրջագայություններս շատ են, երևի ամենաքիչն եմ այնտեղ լինում: Այնպես որ, այստեղ էլ ես պետք է շարունակեմ երգել, շրջագայել, եթե հարկ լինի՝ պատրաստ եմ փորձս փոխանցել, գիտելիքներս:

Հետևո՞ւմ եք հայաստանյան մշակութային կյանքին, ինչպե՞ս է այստեղ զարգանում օպերային արվեստը:

Այո՛, ես այստեղի կոնսերվատորիայից եմ գնացել և այստեղ ընկերներ ունեմ, ովքեր երգում են օպերային թատրոնում, հրաշալի երգիչներ են:

Ուղղակի խնդիրն այն է, որ ռեպերտուարը շատ սահմանափակված է մեր օպերային թատրոնում, և սերնդափոխությունն էլ բնական երևույթ է, դա պետք է լինի, մեկ օր երգիչը զգում է, որ ինքը ֆիզիկապես էլ ֆորմայի մեջ չէ, և հասկանում է, որ պետք է զիջի բեմն ու սկսի դասավանդել կամ ուրիշ բանով զբաղվել:

Մեզ մոտ պետք է ռեպերտուարը ավելանա, և լինեն թե՛ երիտասարդ երգիչներ, թե՛ ավելի տարիքով, որովհետև բոլորին կարող է տեղ լինել, եթե լինի ռեպերտուար, եթե այն բազմազան լինի: Պետք է նաև ունենալ մասնագետներ, ճիշտ խորհրդատուներ, ճիշտ մարդիկ, ովքեր կկարողանան ուղղորդել և տեղ տալ արվեստագետներին, որ իրենց ազատ զգան: Երգիչը պիտի երգի, դերասանը խաղա, երբ մենք չենք երգում, մենք մեզ վերջացած ենք զգում, մտածում ենք` էլ չկանք, մեր կյանքը իմաստազրկվում է:

Ի՞նչ ծրագրեր կան, որոնք Հայաստանում են նախատեսված:

Մենք ծրագիր ունենք Էդուարդ Թոփչյանի հետ, հոկտեմբերին պետք է մասնակցեմ իրենց փառատոնին, այնպես որ, վերադառնալու եմ մի շատ հետաքրքիր ծրագրով: Էդուարդ Թոփչյանի հետ մենք մի ծրագրի մասին ենք խոսում, և համոզված եմ, որ դուք դա շատ կհավանեք, մենք պատրաստվում ենք ոչ թե արիաների, այլ մի ամբողջական օպերայի, իսկ դրա հետ կապված մնացածը թող անակնկալ մնա:

Հետո նոյեմբերին կունենամ շատ կարևոր ու սպասված դեբյուտ՝ Վիեննայի պետական օպերայում, որտեղ պետք է երգեմ Պուչինիի Մադամ Բաթերֆլայի դերերգը, շատ սպասել եմ այդ թատրոնին: Հետո մեկ ուրիշ դեբյուտ՝ Բարսելոնայի «Լիսեո» օպերային թատրոնում: Հիմա իմ երեք տարվա համար ծրագիրն արդեն կա:

Ասում են՝ մեր օրերում արվեստն ու բիզնեսը ավելի փոխկապակցված են դարձել: Հնարավո՞ր է արվեստով զբաղվել՝ առանց բիզնեսի:

Դա շատ բարդ է, շատ կարևոր, որ երգիչը, բացի նրանից, որ պետք է  երգի, զբաղվի նաև բիզնեսով, այսինքն՝ գտնի մենեջեր, ով կարող է իրեն ներկայացնել: Հիմա երգիչներն ունեն մենեջերներ, ովքեր մեզ ներկայացնում են թատրոններին, ոչ մի երգիչ ուղիղ կապ չունի թատրոնի հետ, դա կազմակերպում են մենեջերները: Կազմակերպչական հարցերը, հոնորարը՝ դրանք երգչի խոսելու բանը չեն, որ իր գինը իջեցնի կամ բարձրացնի, դրանք ճիշտ հարցեր չեն արվեստագետի համար: Այնպես որ, այդ հարցում մենեջերները շատ տեղին են:

Բայց, այո՛, այսօր ֆինանսները շատ կարևոր են կայացման համար, որովհետև յուրաքանչյուր ունկնդրում, յուրաքանչյուր մրցույթ՝ դրանք շատ գումար են պահանջում, գնալ հյուրանոցներում օրերով մնալ՝ դա շատ բարդ է, եթե դու աջակցություն չունես,  ապահովված ընտանիքից չես, կամ պետական աջակցություն չկա: Ես ինքս ունեցել եմ այդ բարդությունները, անգամ Ֆրանսիայում սկզբնական շրջանում ունեցել եմ ֆինանսական խնդիրներ, երբ շատ ունկնդրումներ, կոնտրակտներ չեն եղել:

Ձեզ համար կարևո՞ր են մրցանակները:

Բնավ, ինձ համար կարևոր են հանդիսատեսը, մարդիկ, որոնք հետո մոտենում են, շնորհակալություն հայտնում և ասում, որ հուզվել են, գնում են մեծ տպավորություններով ու ինձ կհիշեն ու կգան հաջորդ համերգին: Դա ինձ համար ամենակարևորն է, ոչ մի մրցանակ չի կարող դրա հետ համեմատվել:

Այսօր ունե՞ք չիրականացված երազանքներնպատակներ:

Իհարկե ունեմ, դեռ կան թատրոններ, որտեղ ես պետք է հանդես գամ և դեբյուտներ անեմ, և շատ-շատ սպասում եմ այդ իրադարձություններին, այդ ներկայացումներին, կան դերեր, որ դեռ չեմ երգել, բայց ցանկանում եմ, կան մարդիկ, որոնց կուզեմ հանդիպել: Կյանքը շարունակվում է, և երազանքներն էլ պետք է շարունակվեն: Ես չեմ համարում, որ շատ բան եմ արել, դեռ շատ բան ունեմ անելու:

Ձեզ երջանի՞կ եք զգում:

Ես շատ երջանիկ եմ, և տա Աստված, որ մեր հայ ժողովուրդը, ազգը երջանիկ լինի, ուրախ լինի,  արժանապատիվ կյանքով ապրի: Կուզեմ, որ մարդիկ կարողանան զարգացնել իրենց տնտեսական վիճակը, մեր երեխաներն այստեղ լավ կրթություն ստանան, դա շատ կարևոր է:


Աղբյուրը՝ ԱՐԱՐԱՏՆՅՈՒԶ



Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf